«Հրապարակ». Ո՞վ կվերցնի ՏԻՄ-երը նոյեմբերի 29-ին
Երեկ ԿԸՀ-ն նիստ է անցկացրել եւ ավտոմատացված համակարգի միջոցով բաշխել առաջիկա ՏԻՄ ընտրություններում ընտրական հանձնաժողովներում նախագահների ու քարտուղարների պաշտոնները: Ըստ այդմ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա 193 պաշտոն, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը 88, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը 36։ Սա հերթական ընթացկարգային որոշումն է նոյեմբերի 29-ին ընդառաջ: Առաջադրումները եւ հաստատված կուսակցական ցուցակների վերջնական ամփոփումը ԿԸՀ կողմից դեռևս ընթացքի մեջ են:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 29-ին Հայաստանի 7 մարզերի 12 համայնքներում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ։ Այս պահի դրությամբ հայտնի է, որ 12 համայնքերից 10-ում՝ Աշտարակ, Ապարան, համայնքներում, Մեծամորում, Բաղրամյանում, Սեւանում, Սպիտակում, Շիրակի Աշոցք եւ Ամասիա համայնքներում, Կապանում եւ Նոյեմբերյանում ընտրություններն անցնելու են կուսակցական ցուցակով: Երկու համայնք՝ Արագածոտնի Արևուտն ու Մեծաձորը, ընտրելու են մեծամասնական կարգով, քանի որ 4000-ից պակաս բնակչություն ունեն:
Այս պահին ԿԸՀ տարածքային ընտրական հանձնաժողովներում փաստաթղթերի ընդունման, ստուգման և գրանցման գործընթաց է։
Որոշ համայնքների մասով արդեն կան տվյալներ առաջադրումների վերաբերյալ, տեղերում բավականին հետաքրքիր ուժեր են մտնում խաղի մեջ։ Օրինակ, Կապանում գրացվել են երեք քաղաքական ուժ. «Շանթ» դաշինքը՝ գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանի գլխավորությամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Նարեկ Բաբայանի գլխավորությամբ, և «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տիգրան Աղասյանի գլխավորությամբ։
ՔՊ-ի երկու մրցակիցներն էլ ընդդիմադիր են, սակայն կապանցիների կարծիքով, ավելի մեծ ընդդիմադիր համարում ու հաղթելու շանսեր ունի Գեւորգ Փարսյանը: Ի տարբերություն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի, որը «համերաշխության» գործարքի գնաց իշխանության հետ, Փարսյանը բացահայտ հայտարարել է՝ ինքը չի նահանջելու ընդդիմադիր դիրքերից, գլխավորելու է «Շանթ դաշինքի» ցուցակը ու ՔՊ-ի հետ ոչ մի համերաշխության գործարքի չի գնալու։
Փարսյանն այն եզակի ֆիգուրն է, որն արդեն երկու անգամ ծնկի է բերել ՔՊ-ին՝ հաղթելով փաշինյանականներին 2018 եւ 2021 թվականներին: Նրա ցուցակում 70 թեկնածու է, ՔՊ-ինը՝ 71, իսկ «Ապրելու երկիր» կուսակցությունը 23 թեկնածու է ներգրավել։
Նոյեմբերի 29-ին համայնքի ղեկավար է ընտրելու նաեւ Աշտարակը: Դեռ չկան առաջադրումների մասին տեղեկություններ, բայց իշխանությունը մեծ հավանականությամբ նորից խաղադրույք է կատարելու գործող համայնքապետ Թովմաս Շահվերդյանի վրա։ Նա 2021-ին է միացել ՔՊ-ին, իսկ մինչ այդ հաջողությամբ համագործակցում էր նաև նախկին իշխանությունների հետ։ Թովմաս Շահվերդյանը մի շարք սկանդալային պատմությունների հերոս է, երկու տարի առաջ նա անցնում էր Հակակոռուպցիոն վարույթով Աշտարակի կիրճում գտնվող համայնքային հողատարածքը կադաստրային արժեքի 50%-ով եղբորը վաճառելու կապակցությամբ: Ինչ եղավ հետո, հայտնի չէ: Թովմաս Շահվերդյանը հերթական անգամ «ջրից չոր դուրս եկավ»։ Այսպիսով, Աշտարակում ՔՊ-ն գնում է ընտրության մի թեկնածուով, ում անունը ասոցացվում է հարցաքննությունների և համայնքային սկանդալների հետ։
Սևանում պատկերն ավելի կատակերգական է։ Այնտեղ ՔՊ-ի դեմ իբր մրցելու է գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի «Վստահություն» դաշինքը: Նա հայտարարել է, որ գլխավորելու է «Վստահություն» կուսակցությունների դաշինքը՝ «Վստահենք փորձառությանը» կարգախոսով։ Նա գտնում է, որ սեւանցիների շրջանում վստահություն է ձեռք բերել իր կատարած աշխատանքով:
«Վստահություն» կուսակցությունների դաշինքը Սեւանում հանդես է գալիս որպես այլընտրանք գործող կուսակցությանը, սակայն Սարգիս Մուրադյանը երբեք իրական ընդդիմություն չի եղել։ Նրան 2021 թվականին Նիկոլ Փաշինյանն անձամբ էր նշանակել պաշտոնակատար, և նա ընտրություններին գնացել ու հաղթել էր հենց ՔՊ-ի բացահայտ աջակցությամբ։ Այնպես որ, եթե նույնիսկ ՔՊ-ն այստեղ իր թեկնածուն էլ դրեց, նա կհաղթի, թե` Սարգիսը, տարբերություն չի լինելու: Ստեղծվելու է մի իրավիճակ, որ ով էլ հաղթի, միևնույն է՝ հաղթելու է ՔՊ-ն։ Սեւանցիներն ունենալու են իշխանության հերթական արբանյակային նախագիծը: «Մի բան գիտեմ, որ Սեւանում մի հատ հասարակական զուգարան չկա», - այսպես բնորոշեց Սարգիս Մուրդյանի կառավարումը մեր զրուցակիցը Սեւանից:
Թեժ պայքար է սպասվում Նոյեմբերյանում: ՔՊ ցուցակը գլխավորելու է «Տրանսգազ» ՍՊԸ-ի Դիլիջանի գծային շահագործման մասնաճյուղի ղեկավար Մխիթար Խաչիկյանը: Արդեն գրել էինք, որ նա 8 տարի եղել է Նոյեմբերյանի ավագանու անդամ, հայրը երկար տարիներ եղել է գազի ծառայության Նոյեմբերյանի տեղամասի տնօրեն, նրա ընտանիքը Նոյեմբերյան համայնքում մի քանի ԱԳԼՃԿ ունի։ Իր ուղերձում Մ․ Խաչիկյանը խոստացել է ընտրողներին հետեւողական լինել ու հարցերին լուծումներ տալ: Նա երեկ հայտարարել է առաջադրվելու իր մտադրության մասին: Նրան այլընտրանք է գործող քաղաքապետը, որը նույնպես առաջադրվելու է՝ Արսեն Աղաբաբյանը։ Նա «Ապրելու երկիր» կուսակցության առանցքային դեմքերից է, ընդդիմադիր համբավ ունի եւ հաղթելու մեծ շանսեր: Երեկ իր ՖԲ գրառման միջոցով նա ի թիվս այլ խոստումների, նշել է՝ «կոռուպցիայի նկատմամբ՝ զրո հանդուրժողականություն», նաեւ որ համայնքի համար նախատեսված յուրաքանչյուր միջոց պետք է ծառայեցվի իր նպատակին՝ ի շահ բնակիչների և համայնքի զարգացման։
Ի դեպ, Աղաբաբյանին օգոստոսին ձերբակալել էր Հակակոռուպցիոն կոմիտեն, տեղափոխել Երևան եւ հարցաքննությունից հետո ազատ արձակել: Սա ցույց է տալիս, թե ինչպես է իշխանությունը փորձում ճնշել Նոյեմբերյանում իր միակ իրական մրցակցին:
«Նման ճնշումներ պարբերաբար տեղի են ունենում»,- ասում է «Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ ու համահիմնադիր Մանե Թանդիլյանը: Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններին կուսակցությունը մասնակցում էր 6 համայնքներում, այդ թվում Արթիկում: Ընտրության նախորդ օրը Արթիկում բերման ենթարկեցին ու ձերբակալեցին կուսակցության 3 անդամների, այդ թվում՝ համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանին: «Սա բռնել -բաց թողնելու իրենց մշտական գործելաոճն է: Մտածում են վախեցնենք, կստացվի, կստացվի, չէ` չէ: Սա ՔՊ -ի ձեռագիրն է եւ պարբերաբար դա անում են շատ փոքր, ճղճիմ առիթներով: Ինչ որ հարց ունեն տալու, ու պաշտոնապես հայտարարելով, հրապարակավ են դա անում, այդ ահը փողոց հանելու միտումով: Հարց ունեն, թող հանգիստ տան, այդպես չեն վարվում, եթե այլ նպատակ չունեն: Բայց մեր թեկնածուները միշտ ամուր կանգնած են», - ասում է Մանե Թանդիլյանը: Նա ասում է, որ այս անգամ երկու տեղերում է առաջադրվելու կուսակցությունը՝ Նոյեմբերյանում եւ Կապանում:
Նախորդ՝ հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրություններում, խոշոր համայնքներում՝ Արմավիր, Վայք, Գառնի, մրցակցություն գրեթե չկար, և առաջադրվել էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը եւ ստացել էր քվեների բացարձակ մեծամասնությունը, ինչը բնորոշ է բռնապետական երկրներին, օրինակ՝ Վայքում՝ 96.11%, Արմավիրում՝ 96.07% ։ Հնարավո՞ր է, որ այս անգամ էլ այդ միտումը շարունակվի: «Կոնկրետ երկու տեղերում, որտեղ մենք մասնակցում ենք՝ Կապանում եւ Նոյեմբերյանում, բացառում եմ նման արդյունք: Այն տեղերում, որտեղ «Ապրելու Երկիրն» է մասնակցել, մենք գերազանցել ենք մեր անցյալ ընտրությունների արդյունքները ինքներս մեզ, եւ դա լուրջ առաջընթաց է թիմի, կուսակցության կայացման համար: Միևնույն ժամանակ, պարզ է, թե ինչ է կատարվում ՏԻՄ-երում: ՔՊ-ն ուզում է մնալ միայնակ եւ ընդհանրապես խնդիր չունի մրցակից չունենալու հարցում, որովհետեւ ժողովրդավարության առաջամարտիկ երկրները ՔՊ-ի պարագայում խնդիր չեն տեսնում, երբ որ այլ դեպքերում դա խնդրահարույց կլիներ: Իրականում ես համարում եմ, որ մասնակցությունն անհրաժեշտ է, այլ դեպքում ՔՊ-ն այլ կուսակցությունների միջոցով կմասնակցի: Դուք տեսաք, թե «Գործարար» կոչվող կուսակցության միջոցով ինչ տրյուկներ էր անում ՔՊ-ն: Հետեւաբար, թողնել ու ասել՝ դե, միեւնույն է, բռնաճնշումներ կան, մեր թիմակիցներին հետապնդում են, արդյունքը փոփոխական է, դժվար է հաղթելը ու նահանջել չի կարելի: Մենք պայքարելու ենք ամենուր, որտեղ կարող ենք ու որքան կարող ենք, ու թույլ չենք տալու, որ ՔՊ-ն միահեծան իշխանություն տարածի երկրով մեկ: ՔՊ-ի վիճակը շատ ավելի տխուր է լինելու այն համայնքներում, որտեղ մասնակցում ենք», - ասում է Թանդիլյանը: Նա վստահ է, որ «Ապրելու Երկիրը» Նոյեմբերյանում հաղթանակ է գրանցելու, իսկ Կապանում շատ լավ արդյունքներ: «Այնտեղ լավ թեկնածուներ կան՝ Գեւորգ Փարսյանը, Տիգրան Աղասյանը, պայքարը թեժ է լինելու» , - նշում է «Ապրելու երկրի» ղեկավարը: