Ծնվել է 44–օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի եղբայրը՝ Ավետը
Ծնվել է 44-օրյա պատերազմում անմահացած Ռազմիկ Սահակյանի փոքր եղբայրը՝ Ավետ Սահակյանը։ Այս մասին հայտնել է բժիշկ Դիանա Մարտիրոսյանը։
«Այսօր մի ընտանիքում, որի սրտում հավերժ ապրում են պատերազմի ցավն ու Ռազմիկի հիշատակը, կրկին մանկան ճիչ է հնչել… Երբեմն կյանքը երկար լռությունից հետո տուն է վերադառնում հենց այսպես՝ մի նոր սրտի բաբախով։ Եվ նրա անունն ասես հենց այս տան համար ընտրված լինի՝ ավետիս նոր կյանքի, վերադարձած լույսի և շարունակվող սիրո մասին»,– գրել է նա։
Բժիշկն այլ մանրամասներ չի հայտնել։
Նշենք, որ ավագ սերժանտ Ռազմիկ Հենրիկի Սահակյանը ծնվել է 2000 թվականին Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ 2019 թվականին կիսատ թողնելով բուհական կրթությունը նա զորակոչվել է բանակ։ Ռազմիկը 60 օրից պետք է զորացրվեր, երբ սկսվեց 44–օրյա պատերազմը։ Ծառայել է Գյումրու հակատանկային զորամասում, այնուհետև տեղափոխվել է Մարտունի 3։ Նոյեմբերի 7–ին տեղափոխվել է Մարտունի 2 օգնության շտապելով կռվող ուժերին։ Զոհվել է նոյեմբերի 8–ի լույս 9–ի գիշերը։