ՔՊ-ն 5 համայնքում հաղթեց ինքն իրեն. ՏԻՄ ընտրությունների մտահոգիչ պատկերը

· Վարդենիս

ՔՊ-ն 5 համայնքում հաղթեց ինքն իրեն. ՏԻՄ ընտրությունների մտահոգիչ պատկերը

Հոկտեմբերի 25-ին Հայաստանի 21 համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները կրկին օրակարգ բերեցին ժողովրդավարության հիմնարար հարցը՝ որքանո՞վ է ապահովված իրական քաղաքական մրցակցությունը։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» հինգ համայնքում՝ Արմավիրում, Վարդենիսում, Գառնիում, Ախուրյանում և Վայքում, ընտրություններին մասնակցեց առանց որևէ քաղաքական մրցակցի։ Ընտրողներն այստեղ հնարավորություն ունեին քվեարկելու միակ ուժին կողմ կամ դեմ, բայց չունեին այլ կուսակցության կամ դաշինքի օգտին քվեարկելու հնարավորություն։

Մյուս համայնքներում, որտեղ քաղաքական մրցակցություն կար, նախընտրական շրջանն ուղեկցվեց ընդդիմադիր թեկնածուների և նրանց թիմակիցների նկատմամբ իրավապահ գործողություններով։ Ստեփանավանում կալանավորվեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը, իրավապահ գործողություններ իրականացվեցին նաև Արթիկում, Եղեգնաձորում և Մարտունիում։ Թեև իրավապահները դրանք կապում են ենթադրյալ հանցագործությունների հետ, ընտրություններից անմիջապես առաջ նման գործողությունները քաղաքական մրցակցության հավասար պայմանների վերաբերյալ լուրջ հարցեր են առաջացնում։

Ընտրությունների օրվա պատկերը ևս զերծ չէր խնդիրներից։ «Ականատես» դիտորդական առաքելությունը 407 այցելած ընտրատեղամասերից 137-ում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում, այդ թվում՝ քվեարկության գաղտնիության, ընտրողների ազատ կամարտահայտման և հնարավոր վերահսկողության հետ կապված։ Դրանք նախնական դիտարկումներ են, սակայն պահանջում են հրապարակային և հանգամանալից արձագանք։

Ժողովրդավարությունը միայն ընտրություն անցկացնելու փաստը չէ։ Այն ենթադրում է իրական այլընտրանք, ազատ մրցակցություն և ընտրողի կամքի անկաշկանդ արտահայտում։ Հոկտեմբերի 25-ի ընտրություններից հետո իշխանությունը պետք է պատասխանի երկու սկզբունքային հարցի՝ ինչո՞ւ հինգ համայնքում չձևավորվեց քաղաքական մրցակցություն, և ինչպե՞ս ապահովվեց հավասար ընտրապայքարը այն համայնքներում, որտեղ ընդդիմադիր թեկնածուներն ու նրանց թիմակիցները հայտնվեցին իրավապահների ուշադրության կենտրոնում կամ անազատության մեջ։
Ժողովրդավարության մասին հայտարարությունները չեն կարող փոխարինել իրական քաղաքական բազմակարծությանը։ ՔՊ-ն երկիրը տանում է միակուսակցականության. ԿոմԿուսի ժամանակները վերադառնում են: