COP17-ի շրջանակում Վարդենիսը ներկայացավ համայնքի բոլոր բարիքներով
· Վարդենիս
Կենսաբազմազանության միջազգային համաժողովի (COP17) կանաչ գոտում, որտեղ հետաքրքրասերները կարող են այցելել մինչև հոկտեմբերի 30-ը, հարյուրից ավելի տաղավարների մեջ աչքի էր ընկնում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի տաղավարը։ Տաղավարում ներկայացված էին Վարդենիսի բոլոր բարիքները, որոնց մասին «Արմենպրես»-ի թղթակցին պատմել է համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը։
Նա շատ է կարևորում համայնքի մասնակցությունը COP17-ին, քանի որ համաժողովը ներկայացնում է աշխարհի կենսաբազմազանությունը, որն անհրաժեշտ է պահպանել։
Մկրտչյանի խոսքով՝ մեր երկիրը որդեգրել է խոսքից գործի անցնելու քաղաքականությունը։ «Մինչ օրս շատ է նշվել տաբեր ծրագրերի, միջոցառումների մասին, որոնք միտված են կենսաբազմազանության պահպանությանը։ Անհրաժեշտ է կոնկրետ քայլեր անել, որ այդ ամենն արդյունք տա։ Կենսաբազմազանությունը սահմաններ չունի, այն բոլորինն է, մեր մոլորակինն է, և մենք պետք է ապրենք «Մեկ երկիր, մեկ մոլորակ» գաղափարով ու պահպանենք այս մոլորակը»,-շեշտում է նա։
Մկրտչյանը նշում է՝ տաղավարում փորձել են ներկայացնել մարզի կենսաբազմազանությունը, որպեսզի այցելուները, որոնց թվում շատ են նաև օտարերկրացիները, յուրովի ճանաչեն այն։