Մարտունիում բնակիչը լքված է, ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում ենք․ «Ապրելու երկիր»-ի թեկնածու

· Մարտունի

Մարտունիում բնակիչը լքված է, ՔՊ-ի հետ համագործակցությունը բացառում ենք․ «Ապրելու երկիր»-ի թեկնածու

Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին ընդառաջ 24News-ը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության` Մարտունի համայնքի ղեկավարի թեկնածու Արամ Մանուկյանի հետ։

Նրա խոսքով, խոշորացված համայնքում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցից հատկապես ուշադրության արժանի է թափառող շների հարցը, տրանսպորտի խնդիրը.

«Ստերջացումից հետո շներն ավելի ագրեսիվ են դարձել։ Պետք է շներին մեկուսացնել բնակավայրերից։ Այդ ծրագիրն ենք իրագործելու, տրանսպորտը ևս լավ չի աշխատում, մեր ընտրվելու դեպքում այն մինչև 20:00-ն պետք է աշխատի»,- ասաց Մանուկյանը։

Նա նշեց, որ քարոզարշավը հարթ է ընթանում, սակայն Մարտունիում բնակիչները բավարար հոգատար վերաբերմունք չեն ստանում իշխանությունների կողմից։

«Մարտունիում բնակչին լքել է իշխանությունը։ Այն հոգատար վերաբերմունքը, որին արժանի է բնակիչը, չի ստանում։ Խոշորացումից հետո մի շարք խնդիրներ ևս առաջացել են։ Խնդիրը սխալ կառավարումն է»,- ասաց Մանուկյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուի խոսքով, իրենք բացառում են ՔՊ-ի հետ համագործակցությունը, իսկ մյուս ընդդիմադիր ուժերի հետ պատրաստ են երկխոսել։ Մանուկյանը նշեց, որ ընտրությունների արդյունքները պարզ դառնալուց հետո կքննարկեն համագործակցության մանրամասները։