Ինչպես է Գավառի մանկատան նախկին տնօրենը հափշտակել պուրակի սալիկները․ հակակոռուպցիոնը հաստատում է

· Գավառ

Ինչպես է Գավառի մանկատան նախկին տնօրենը հափշտակել պուրակի սալիկները․ հակակոռուպցիոնը հաստատում է

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն ՝ բավականին վերջերս ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից հանրային քրեական հետապնդում է հարուցվել Գավառի մանկատան նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար և ներկայումս ՀՀ Սոցիալական ապահովության պետական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի ղեկավար Նաիրա Խանդանյանի ամուսնու՝ Սուրեն Կնյազյանի նկատմամբ։ Մանսավորապես՝ Գավառի մանկատան լուծարումից հետո շենքն իր գույքով հանձնվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող «Օթևան» ՊՈԱԿ-ի Գավառի տարածքային կենտրոնին, որի պարետ էր նշանակվել Սուրեն Կնյազյանը։ Սուրեն Կնյազյանը պատասխանատու լինելով գույքի նկատմամբ 2026թ․ ընթացքում յուրացրել է իրեն վստահված գույքը՝ հափշտակել է նախկին մանկատան խաղահրապարակի սալաքարերը, որը մանկատան տարածքից գաղտնի տեղափոխել և տեղավորել է իր բնակության հասցեում։ Հատկանշական է, որ Սուրեն Կնյազյանը հիշյալ հասցեում բնակվում է Նաիրա Խանդանյանի հետ միասին, որը ժամանակին լինելով մանկատան տնօրեն չէր կարող չճանաչել մանկատան գույքը։ Նշվածից կարելի է ենթադրել, որ տիկինը առնվազն քողարկել է ամուսնու կողմից կատարված հանցանքը։ Հարկ է նշել, որ հիշյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է համապատասխան դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ։

Բացի այդ, ArmLur.am-ի աղբյուրների փոխանցմամբ Սուրեն Կնյազյանի վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում առկա է ևս մեկ քրեական վարույթ, որը վերաբերում է մանկատան գույք հանդիսացող երկաթյա դարպասների փոխարինմանը։ Ըստ տեղեկությունների՝ 2022թ․ ընթացքում այդ ժամանակ մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նաիրա Խանդանյանի կազմակերպմամբ Սուրեն Կնյազյանը, ով այդ ժամանակ մանկատանը գրանցված է եղել որպես վարորդ, պայմանագիր է կնքել բարեգործական կազմակերպության հետ, որը հանձն է առել փոխարինել մանկատան հին դարպասները՝ նորով։ Ըստ տեղեկությունների՝ հիշյալ կազմակերպությունը Սուրեն Կնյազյանին է փոխանցել մոտ 1500000 ՀՀ դրամ գումար, որի դիմաց վերջինս պետք է կազմակերպեր դարպասների փոխարինումը, սակայն, բացի այն, որ Սուրեն Կնյազյանը հին դարպասները կրկին յուրացրել է, այլ նաև փոխարենը տեղադրել է անորակ և իրեն փոխանցված գումարից անհամեմատ էժան դարպասներ՝ հափշտակելով մնացած գումարը։

Ուշագրավն այն է, որ Նաիրա Խանդանյանը՝ Գավառի մանկատան տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, այնուհետև՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության Գավառի տարածքային կենտրոնի ղեկավար, իսկ Սուրեն Կնյազյանը՝«Օթևան» ՊՈԱԿ-ի Գավառի տարածքային կենտրոնի պարետ, ըստ լուրերի, նշանակվել են ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Նարեկ Գրիգորյանի ջանքերով, ով ըստ լուրերի, ամեն ինչ անում է, որպեսզի վերջիններս որևէ խնդիր չունենան իրավապահ համակարգի հետ։

ArmLur.am-ը դիմեց Հակակոռուպցիոն կոմիտե՝ հասկանալու համար, թե որքանով են տեղեկությունները համապատասխանում իրականությանը։ Ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնեցին. «Օթևան» ՊՈԱԿ-ի պարետի պաշտոնը զբաղեցրած անձը, օգտագործելով ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, հափշտակել է փաստացի իրեն վստահված, նույն ՊՈԱԿ-ին կից պուրակի սալիկները՝ այդ կերպ յուրացնելով փաստացի իրեն վստահված գույքը։ Հակակոռուպցիոն կոմիտեում Ս. Կնյազյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան»։