Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույք հափշտակելու մեջ

· Գեղարքունիք

Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանը կասկածվում է կեղծ պայմանագրեր կազմելու և վստահված գույք հափշտակելու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններն իրացնելիս պարզվել, ապա հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից գյուղատնտեսության ոլորտում ՀՀ կառավարության 2024թ. մարտի 14-ի թիվ 384-Լ որոշմամբ հաստատված և իրականացված «Բուսաբուծության աջակցության ծրագիր» շրջանակներում Ճամբարակ քաղաքի բնակիչ 43-ամյա Վազգեն Ադամյանը, օգտագործելով իր իշխանական կամ ծառայողական լիազորություններն ի վնաս պետական կամ ծառայողական շահերի՝ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի 3 բնակիչների հետ, որոնք ՍԷԿՏ համակարգի տվյալների համաձայն պայմանագրերի կնքման օրերին գտնվել են արտերկրում, կազմել (կնքել) է իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ, այն է՝ բուսաբուծության աջակցության ծրագրի մասնակցության վերաբերյալ կեղծ պայմանագրեր, որի արդյունքում պետությունից հափշտակել է խոշոր չափի գումար՝ այդ կերպ պետությանը պատճառվել է զգալի չափերի վնաս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի փաստով Գեղարքունիքի մարզի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Վ․ Ադամյանը Ճամբարակ խոշորացված համայնքի ղեկավարն է։