Վարդաձորի դպրոցում միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից

ԿԳՄՍ նախարարությունը Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ դիմել է Ներքին գործերի նախարարություն, Կրթության տեսչական մարմին և Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն՝ խնդիրը բազմակողմանի ուսումնասիրելու նպատակով՝ հաշվի առնելով տվյալ դպրոցում և դասարանում սովորող բոլոր երեխաների շահերը: Այս մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։
«Միաժամանակ, առաջիկայում կձեռնարկվի համապատասխան իրավական գործընթաց՝ տվյալ ուսուցչուհուն մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու նպատակով»,- գրված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Վարդաձորի դպրոցում ուսուցչուհին հարվածներ է հասցրել 2-րդ դասարանի աշակերտուհուն՝ նաև ցուցափայտով։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից երեկ FactorTV-ին փոխանցել էին, որ դպրոցի տնօրենին հանձնարարվել է համապատասխան քայլեր ձեռնարկել և արդյունքների մասին գերատեսչությանը տեղեկացնել։
«Սահմանված ընթացակարգի համաձայն՝ տնօրենը պետք է դեպքի վերաբերյալ պարզաբանումներ պահանջի, անհրաժեշտության դեպքում կիրառի համապատասխան կարգապահական միջոց, և արդյունքները ներկայացնի մեզ։ Այս գործընթացը կարող է տևել մի քանի օր»,- նշել էր ԿԳՄՍՆ մամուլի քարտուղար Հովհաննես Յուքինյանը։ Մեր ճշտող հարցը՝ մինչ այդ ուսուցչուհին շարունակո՞ւմ է աշխատել, խոսնակն անպատասխան էր թողել։