Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք

· Գեղարքունիք

Մեր գյուղ դեռ ոչ մի ադրբեջանցի չի մտել` անհանգիստ չենք

Այս օրերին մարդիկ շատ անհանգիստ են, անգամ Երեւանում կամ սահմանից հեռու բնակավարերում ապրողները հասկանում են, որ Շաքիի դեպքը երբ թշնամու զինվորը 16 կիլոմետր կտրել անցել է, հանգիստ մի քանի օր երթեւեկել Հայաստանով մեկ խոսում է այն մասին, որ մեր սահմաններն անպաշտպան են եւ նման վտանգներն իշխանությունը թաքցնում է, ուստի ոչ ոք երկրում պաշտպանված չէ: Մեզ թվում էր ամենից շատ անհանգստանալու հիմքեր ունեն սահամանմերձ գյուղերում ապրողները: Սակայն մեր զրուցակիցները` Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերից, պարզվեց ավելի հանգիստ են, քան Երեւանում բնակվողները:

Գեղարքունիքի մարզի վերին Շորժայի վարչական ղեկավար Արտյոմ Երանոսյանը մեր հարցին, թե Սյունիքի մարզ ադրբեջանցի զինվորականի ներթափանցումն իրենց բնակիչների շրջանում անհանգստություն չի՞ առաջացրել, հաշվի առնելով ադրբեջանական դիրքերի մոտիկությունն իրենց բնակավայրին, ասաց` ոչ, ամեն ինչ կարգին է՝ մարդիկ ձմռանն են նախապատրաստվում, բայց գյուղում ընդամենը 2-3 տուն է մշտական բնակվում, ինչը հենց այդ վախի եւ սահմանին ապրելու վտանգների մասին է խոսում: «Գյուղի բնակչությունը չի ավելացել, ոնց կար, այնպես էլ մնացել է: Գյուղում երկու-երեք տուն կա, որ մշտական գյուղում են»,-ասաց Երանոսյանը:

Գեղարքունիքի Սոթքի վարչական ղեկավար Սևակ Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց գյուղում ևս ամեն ինչ նորմալ է: Ադրբեջանցու ներթափանցման հետ կապված էլ նշում է, որ բնակիչների հետ այդ թեման չեն քննարկել` դեպքը մտահոգիչ է, սակայն այդ մասով ՊՆ-ն ու պատասխանատու այլ կառույցները պիտի զբաղվեն: «Գյուղի դպրոցը գործում է, գործելու է, մանկապարտեզը գործում է, նոր մանկապարտեզի կառուցումն էլ ընթացքի մեջ է»,- տեղեկացրեց Սևակ Խաչատրյանը:

Սյունիքի մարզի Ներքին Հանդը, որի գերեզմանատունն արդեն ադրբեջանցիների տնօրինության տակ է եւ նրանք մյուս կողմի զինվորներին ամեն օր իրենց տան պատուհաններից տեսնում են, պարզվում է` նույնպես անհանգիստ չէ: Ներքին Հանդի բնակիչ տիկին Հասմիկը մեզ հետ զրույցում ասում է, որ իրենք ևս մտահոգված չեն՝ չնայած 2020 թվականից հետո երեք կողմից ադրբեջանցիներով շրջապատված են ապրում: «Աշխատում ենք, թոշակը ստանում ենք: Երեխաները սովորում են դպրոցում, ներկա պահին գյուղում ամեն ինչ լավ է»,-ասաց նա ու հավելեց, որ արդբեջանցու ներխուժումը մտահոգություն չի առաջացրել, բնականոն կյանքով ապրում են: